Վերապատրաստում Բարսելոնայի համալսարանում
2018 թ. դեկտեմբերի 10-14-ին Վանաձորի պետական համալսարանի պատմության ամբիոնի դասախոս, պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ Մարիա Բրուտյանը ERASMUS+ PrinTel «Փոփոխություն լսարանում. ուսուցում և դասավանդում՝ Արևելյան գործընկերության երկրներում ուսանողի ուսումնական փորձառության բարելավման նպատակով» նախագծի շրջանակներում մասնակցել է Բարսելոնայի համալսարանում կազմակերպված վերապատրաստմանը՝ «Ակտիվ ուսուցում և ՏՀՏ ընդլայնված ուսուցում. մոբայլ ուսուցում և խաղաֆիկացում» թեմայով:
Դասընթացի նպատակն էր կատարելագործել ծրագիր ներառված պետությունների (Հայաստան, Վրաստան, Բելառուս) բարձրագույն ուսումնական հաստատությունների աշխատակիցների դասավանդման և ուսուցման հմտությունները:
Կրթության խաղաֆիկացումը կրթական ռազմավարություն է, որը հնարավորություն է տալիս ուսանողներին խաղային մեխանիկա կամ վիդեոխաղ կիրառել կրթական միջավայրում: Մոբայլ ուսուցումը ներառում է բջջային տեխնոլոգիաների օգտագործումը միայնակ կամ այլ տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների հետ` ուսանողին ընձեռելով ուսուցման հնարավորություն ցանկացած պահին և ցանկացած վայրում:
Դասընթացի ընթացքում վերապատրաստվող դասախոսները.
- քննարկեցին, թե ակտիվ ուսուցումը ինչպե՞ս կարող է նպաստել ուսանողի ուսումնառությանը.
- պարզաբանեցին բջջային սարքերի օգտագործման առավելություններն ու թերությունները.
- ծանոթացան ակտիվ ուսուցման համար նախատեսված տարբեր ծրագրերով առաջադրանքների կազմմանը ` POLL, KAHOOT, QUI ZLET, SOCRATIVE, SPARK և այլն:
Քննարկումներ եղան ակտիվ ուսուցման հայեցակարգի, խաղաֆիկացման՝ որպես նորարարական ուսուցման վերաբերյալ, դասավանդման պրոցեսում կիրառվեցին բջջային հավելվածներ:
Դասընթացի ավարտին մասնակից դասախոսները դասավանդման և ուսումնառության նորարարական վերոնշյալ մեթոդներով ներկայացրին իրենց աշխատանքները PechaKucha ֆորմատով:
Համաձայն բուհի հետ կնքված համաձայնագրի՝ Մ. Բրուտյանը նախատեսում է 2019 թ. փետրվար-մարտ ամիսներին ՎՊՀ-ում Շարունակական կրթության կենտրոնի աջակցությամբ կազմակերպել վերապատրաստում՝ ստացած փորձն ու գիտելիքները ՎՊՀ դասախոսներին փոխանցելու նպատակով:
