ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՈՒՄ ՊՈՐՏՈՒԳԱԼԻԱՅԻ ՊՈՐՏՈՅԻ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՈՒՄ
ERASMUS+ PRINTel «Փոփոխություն լսարանում. նորարարական դասավանդման և ուսումնառության օժանդակում՝ Արևելյան գործընկերության երկրներում ուսանողի ուսումնական փորձառության բարելավման նպատակով» նախագծի շրջանակներում սույն թվականի նոյեմբերի 12-16-ին ՎՊՀ Հոգեբանության և սոցիոլոգիայի ամբիոնի դասախոս Աննա Խաչատրյանը մասնակցել է Պորտուգալիայի Պորտո քաղաքի համալսարանում կազմակերպված «Տեսանյութը որպես ուսումնառության գործիք դասախոսների և ուսանողների համար. տեսադասախոսություն և փոխներգործության խթանում լսարանում» թեմայով մասնակից երկրների դասախոսական կազմի որակավորման բարձրացման հնգօրյա դասընթացին:
Դասընթացի նպատակն էր դասավանդման պրոցեսում տեսանյութերի ստեղծման, կիրառման և տարածման հիմնական եղանակների և գործիքակազմի վերաբերյալ անհրաժեշտ գիտելիքների ու հմտությունների փոխանցումը ունկնդիրներին:
Այսօր տեսանյութերը դարձել են առցանց կրթության ամենատարածված ուսումնական ռեսուրսներից մեկը, և չի բացառվում դրանց կիրառումը նաև ավանդական լսարաններում: Տեսալսողական նյութերը կարող են առավել գրավիչ և հետաքրքիր ձևով հաղորդել համալիր տեղեկատվություն՝ ստեղծելով ուսուցման առավել հագեցած և տպավորիչ փորձ: Թվային գործիքների օգտագործումը լսարանում, ինչպիսիք են ինտերակտիվ գրատախտակները, պլանշետները և նույնիսկ բջջային հեռախոսները, պետք է առավելագույնս նպաստեն ուսումնառության նոր մոտեցումների առաջացմանը և էկրանային սերնդի ներկայացուցիչ ուսանողների հետ փոխգործակցության և ներգրավվածության բարձրացմանը:
Վերոնշյալ նպատակի իրականացման համար Պորտոյի համալսարանի դասընթացավարների կողմից մասնավորապես շոշափվեցին հետևյալ թեմաները.
- Տեսանյութը որպես դասավանդման գործիք:
- Տեսանյութերի կիրառելիությունը բուհական միջավայրում:
- Տեսանյութը որպես սովորելու գործիք. ուսումնառության համար անհրաժեշտ տեսանյութերի ստեղծում Panopto-ի կիրառմամբ:
- Panopto-ն որպես տեսանյութերի պլատֆորմ բարձրագույն կրթության համակարգում:
- Ինտերակտիվ լսարան. տեսանյութերի ստեղծման տարբեր գործիքների կիրառում:
Դասընթացի մասնակիցներին նաև հնարավորություն ընձեռվեց այցելել Պորտոյի համալսարանի մասնագիտացված և «Մեկ կոճակի» մեդիա լաբորատորիաներ, նկարահանման և ձայնագրման ստուդիաներ՝ ծանոթանալու տեսանյութեր նկարահանելու, մոնտաժելու գործիքակազմին:
Դասընթացի ավարտին մասնակիցները ներկայացրին իրենց ստեղծած տեսանյութերը, ամրապնդեցին ստացած գիտելիքներն ու փորձը, բացահայտեցին դասընթացի ուժեղ և թույլ կողմերը, քննարկեցին ներկայացված գործիքակազմի հնարավորություններն ու սահմանափակումները:
Ըստ ՎՊՀ-ի հետ կնքված համաձայնագրի՝ Ա. Խաչատրյանը 2019 թ. փետրվար-մարտ ամիսներին բուհի Շարունակական կրթության կենտրոնի աջակցությամբ կիրականացնի «Տեսանյութը որպես ուսումնառության գործիք դասախոսների և ուսանողների համար. տեսադասախոսություն և փոխներգործության խթանում լսարանում» թեմայով դասախոսների վերապատրաստում՝ ընդհանուր 10 ժամ տևողությամբ:
