Վկայականներ՝ դասընթացը հաջողությամբ ավարտելու համար
PRINTeL նախագծի շրջանակներում վերապատրաստում անցած ՎՊՀ 6 դասախոսներ նոյեմբերից դասընթաց են իրականացրել Վանաձորի պետական բժշկական քոլեջի (ՎՊԲՔ) աշխատակիցների համար: «Նորագույն տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառումը դասավանդման ընթացքում» դասընթացը նախաձեռնել էր ՎՊՀ շարունակական կրթության կենտրոնը:
Վերապատրաստումը հաջողությամբ անցած 10 դասախոսների հանձնվեցին մասնակցության վկայականներ: Ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Ս. Թումանյանը մասնակիցներին խոստացավ, որ յուրաքանչյուրին մեկական դասաժամ կհատկացվի համալսարանի հագեցած լսարաններում դասապրոցես իրականացնելու համար:
Դասընթացը կազմված էր հետևյալ մոդուլներից.
- Ակտիվ ուսումնառություն՝ առաձնահատուկ շեշտադրելով տեխնոլոգիական ընդլայնված համագործակցային ուսումնառությունը
- Ակտիվ ուսումնառություն «Շրջված լսարան»-ում
- Ակտիվ ուսումնառություն և ՏՀՏ ընդլայնված դասավանդում. բջջային ուսումնառություն և խաղեր
- Տեսանյութը որպես ուսումնառության գործիք դասախոսների և ուսանողների համար. տեսադասախոսություն և փոխներգործության խթանում լսարանում
- Հիբրիդային/համակցված դասավանդում և ուսումնառություն
- Կրթական նորարարական տեխնոլոգիաներ:
Դասընթացի նպատակն էր նպաստել շահառուների մասնագիտական որակների, մանկավարժական, հետազոտական կարողությունների զարգացմանը՝ ուսուցման գործընթացում նորագույն տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառմամբ:
Հանդիպման ընթացքում դասընթացն իրականացրած դասախոսները հետաքրքրվեցին նոր մեթոդների կիրառման արդյունքներով. մասնակիցները կիսվեցին տպավորություններով:
Հանդիպման ամենահաճելի պահերից էր շարունակական կրթության կենտրոնի անակնկալ նվերը և ՎՊՀ-ՎՊԲՔ բարեկամությունը խորհրդանշող տորթը:
Կենտրոնի կողմից պարբերաբար իրականացվելու են վերապատրաստման դասընթացներ:
