Փորձագիտական այց և մոնիթորինգ «PRINTEL (ERASMUS+)» նախագծի շրջանակներում
2019 թ. հոկտեմբերի 3-ին Վանաձորի պետական համալսարան այցելեց Լիբանանի Կասլիկ համալսարանի որակի ապահովման և ինստիտուցիոնալ արդյունավետության կենտրոնի տնօրեն Նատալի Բուլդուկյանը, ով իրականացնում է «PRINTeL (ERASMUS+)» («Փոփոխություն լսարանում. նորարարական դասավանդման և ուսումնառության օժանդակում՝ Արևելյան գործընկերության երկրներում ուսանողի ուսումնական փորձառության բարելավման նպատակով») նախագծի մոնիթորինգ: Ն. Բուլդուկյանը որպես փորձագետ աշխատանքային հանդիպում ունեցավ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Ս. Թումանյանի հետ և քննարկեց նախագծի կառավարման հետ առնչվող հարցեր: Աշխատանքային քննարկումներ իրականացվեցին ուսումնամեթոդական վարչության պետ Անուշ Գևորգյանի, շարունակական կրթության կենտրոնի ղեկավար Ասյա Հարությունյանի և նախագծի շրջանակներում եվրոպական համալսարաններում վերապատրաստված բուհի դասախոսներ Քրիստինե Ղազարյանի, Մարիա Բրուտյանի, Աննա Խաչատրյանի, Վանանե Միրզոյանի, Արինա Դանիելյանի և Աննա Առաքելյանի հետ: Քննարկման ընթացքում անդրադարձան նախագծի մեթոդական հենքի ստեղծման, նաև կազմակերպական աշխատանքներին, նախագծի շարունակականությանը, արդյունավետությանը, հետադարձ կապի ապահովմանը: Ն. Բուլդուկյանին ներկայացվեցին բուհի ռեսուրսները, որոնք հնարավորություն կտան առավել արդյունավետ շարունակելու նախագծի հետագա աշխատանքները: Նախագծի շրջանակներում ձեռք է բերվել նոր ՛՛CLEVERTACH՛՛ էկրան (թիվ 4-րդ լսարան), իսկ առաջիկայում նախատեսվում է տեսադասերի ձայնագրման սարքավորումների ձեռք բերում, որոնք առավել կընդլայնեն դասավանդման հնարավորությունները:
