ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՈՒՄ ՇՎԵԴԻԱՅԻ ԼԻՆՇՈՊԻՆԳԻ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՈՒՄ
Վանաձորի պետական համալսարանի օտար լեզուների ամբիոնի դոցենտ, մանկավարժական գիտությունների թեկնածու Աննա Առաքելյանը մասնակցել է ERASMUS+ PRINTeL «Փոփոխություն լսարանում. ակտիվ ուսուցում շրջված դասարանի մոդելով» նախագծի շրջանակներում կազմակերպված դասախոսների վերապատրաստման դասընթացին, որը տեղի է ունեցել ս/թ դեկտեմբերի 3-7-ը Շվեդիայի Լինշոպինգի համալսարանում (Li.U): Վերապատրաստմանը մասնակցել են Հայաստանի, Վրաստանի և Բելառուսի մի շարք բուհերի դասախոսներ:
Դասընթացի նպատակն էր մասնակիցներին ներկայացնել ակտիվ ուսուցման հիմնական սկզբունքները, առաջացման նախադրյալները, զարգացման և կիրառման ռազմավարությունը: Դասընթացի առանցքային թեման շրջված դասարանի մոդելն էր, որի հիմքում ընկած է հետևյալ գաղափարը. այն առաջադրանքները, որոնք ավանդաբար կատարվել են լսարանից դուրս, տեղափոխվել են լսարան, և հակառակը: Ավանդական դասախոսությունների փոխարեն դասախոսը սովորում է պատրաստել տեսահոլովակ դասախոսություններ և մուլտիմեդիա ռեսուրսներ, որոնք կնպաստեն ուսանողների ուսումնառությանը: «Շրջված դասարան» մոդելի գաղափարն է՝ ուսանողներին դարձնել դասավանդման գործընթացի ակտիվ մասնակից և բարձրացնել ուսման որակը:
Դասընթացի շրջանակներում վերապատրաստվող դասախոսները կիրառել են շրջված դասարանի մոդելը, քննարկել TET-SAT ( an online self-assessment tool, a part of the MENTEP (MENtoring Technology-Enhanced Pedagogy) project) առցանց ինքնագնահատման գործիքը, որը նպաստում է դասախոսի մանկավարժական, թվային (տեխնոլոգիական) կարողությունների (digital pedagogical competence) զարգացմանը և հետադարձ կապը ապահովմանը:
Արդյունքում դասախոսները հնարավորություն են ունեցել.
- քննարկել, թե ինչպես ակտիվ ուսուցումը և թվային գործիքների կիրառումը կարող են աջակցել ուսանողների ուսումնառությանը,
- ստեղծել և օգտագործել թվային գործիքները ուսուցման և ուսումնառության աջակցման, ինչպես նաև դասընթացի նյութերը պատրաստելու համար:
Համաձայն բուհի հետ կնքված համաձայնագրի՝ Ա. Առաքելյանը նախատեսում է 2019 թ. փետրվար-մարտ ամիսներին ՎՊՀ-ում Շարունակական կրթության կենտրոնի աջակցությամբ կազմակերպել դասախոսների վերապատրաստում՝ դասավանդման և ուսումնառության նորարարական վերոնշյալ մեթոդի վերաբերյալ:
