Նորություններ և միջոցառումներ

Հերթական դասընթացը՝ դասախոսների վերապատրաստման նպատակով

Սույն թվականի մարտի 18-ից 22-ը  ERASMUS+ PRINTeL («Փո­փոխություն լսարանում. նորա­րա­րական դասավանդ­ման և ուսումնառության օժան­դակում՝ Արևելյան  գործ­ընկե­րության երկրներում ուսա­նողի ուսումնական  փորձա­ռության բարելավման նպատակով») նախագծի շրջանակներում «Տեսանյութը որպես ուսումնառության գործիք դասախոսների և ուսանողների համար. տեսադասախոսություն և փոխներգործության խթանում լսարանում» թեմայով կազմակերպվել էր  ՎՊՀ դասախոսների վերապատրաստում: Դասընթացը վարում էր Հոգեբանության եւ սոցիոլոգիայի ամբիոնի դասախոս Աննա Խաչատրյանը: 

Դասընթացի նպատակն էր դասավանդման պրոցեսում տեսանյութերի ստեղծման, կիրառման և տարածման  եղանակների և գործիքակազմի վերաբերյալ անհրաժեշտ գիտելիքներ եւ հմտություններ փոխանցել մասնակիցներին: Հնգօրյա դասընթացին մասնակիցները ծանոթացան տեսանյութ ստեղծելու եւ տարածելու այնպիսի միջոցներին, ինչպիսիք են առաջատար “Panopto” հարթակը, “Explain Everything”, “IMovie” կամ “MiniMovie” հավելվածները, “Movavi” ծրագիրը: Քննարկվեցին տեսանյութի արդյունավետությունը ապահովող սկզբունքները, դասի տեսողականացման առավելությունները, տեսանյութ ստեղծելու հիմնական քայլերը, տեսողական, լսողական, շարժողական ուսուցման համադրման հնարավորությունները:

Դասընթացի ավարտին մասնակիցները ներկայացրին իրենց ստեղծած տեսանյութերը, որոնցից յուրաքանչյուրն ուներ ընդգծված գործառնական նշանակություն՝ տնային առաջադրանք, դասի առանցքային պահերի հիշեցում կամ ամփոփում/եզրակացություն: