ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ԴԱՍԱԽՈՍՆԵՐԻ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՈՒՄԸ ԱՎՍՏՐԻԱՅԻ ԳՐԱՑԻ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՈՒՄ
Վանաձորի պետական համալսարանի հոգեբանության և սոցիոլոգիայի ամբիոնի դոցենտ, հոգեբանական գիտությունների թեկնածու Վանանե Միրզոյանը և օտար լեզուների ամբիոնի ասիստենտ Արինե Դանիելյանը մասնակցել են ERASMUS+ PRINTeL «Փոփոխություն լսարանում. նորարարական դասավանդման և ուսումնառության օժանդակում՝ Արևելյան գործընկերության երկրներում ուսանողի ուսումնական փորձառության բարելավման նպատակով» նախագծին՝ ս/թ նոյեմբերի 5-9-ը Ավստրիայի Գրաց քաղաքի կիրառական գիտությունների համալսարանում (FH JOANNEUM GESELLSCHAFT MBH (FHJ)) մասնակցելով դասախոսական կազմի որակավորման բարձրացման դասընթացին։
Այցելության նպատակն էր Գրացի համալսարանի կողմից կազմակերպված «Հիբրիդային/համակցված դասավանդում և ուսումնառություն» թեմայով դասավանդողների վերապատրաստման հնգօրյա դասընթացների հենքով ձեռք բերել արդիական պահանջները բավարարող նոր գիտելիքներ ու հմտություններ, կիրառելու դրանք ՎՊՀ ուսումնական գործընթացում: Ներկայացվել էին հիբրիդային ուսուցման տեսակները, հնարավորություններն ու դժվարությունները, առավելություններն ու թերությունները, ինչպես նաև հիբրիդային ուսուցման առցանց գործիքները՝ MOOC, Trello, e-Portfolio:
Դասընթացի մասնակիցներին ներկայացվել են հիբրիդային/համակցված դասավանդման և ուսումնառության հայեցակարգը, մոտեցումները, պահանջվող ենթակառուցվածքները: Արդյունքում դասախոսները հնարավորություն են ունեցել.
- քննարկել դասավանդողի փոփոխված դերը առցանց կարգավորումներում և գնահատել հետադարձ կապը,
- տիրապետել առցանց համագործակցային գործիքներին, որոնք միտված են նախագծով սահմանված դասընթացների աջակցությանը,
- ստեղծել մուլտիմեդիայով աշխատանքներ, ինչպիսիք են ներկայացումները (presentations), տեսանյութերը կամ էլեկտրոնային գրքերը՝ որպես դասավանդման գործընթացում դիդակտիկ մոտեցումներ:
Դասընթացի ավարտին մասնակիցներին հանձնվել են վկայականներ:
Համաձայն բուհի հետ կնքված համաձայնագրի՝ Վ. Միրզոյանը և Ա. Դանիելյանը նախատեսում են 2019 թ. փետրվար-մարտ ամիսներին ՎՊՀ-ում Շարունակական կրթության կենտրոնի աջակցությամբ կազմակերպել դասախոսների վերապատրաստում՝ դասավանդման և ուսումնառության նորարարական ու տեխնոլոգիապես հագեցած վերոնշյալ մեթոդի վերաբերյալ:
