Էրազմուս+ SMARTI նախագծի շրջանակներում անցկացրած ազգային տեղեկատվական օր և վերապատրաստում
Ս/թ օգոստոսի 1-ին և 2-ին Վանաձորի պետական համալսարանում Էրազմուս+ «Աջակցություն անգլերենով դասավանդման նորարական մեթոդաբանությանը, մոտեցումներին և գործիքներին՝ կրթության արդյունավետությունը, կայունությունը և միջազգայնացումը բարելավելու նպատակով » /SMARTI/ նախագծի շրջանակներում տեղի ունեցավ տեղեկատվական միջոցառում և վերապատրաստում հիբրիդային ձևաչափով:
ՎՊՀ-ում հյուրընկալվել էին Դրեզդենի տեխնոլոգիական համասլարանի ներկայացուցիչ, նախագծի համակարգող Ջերարդ Քալընը, կոնսորցիումի անդամ հաստատություններից՝ Շիրակի և Գորիսի պետական համալսարանների ուսանողներն ու աշխատակիցները, ինչպես նաև Հայաստանի անգլերենի ուսուցիչների ասոցիացիայի (AELTA) անդամները: Միջոցառմանը մասնակցում էին նաև ՎՊՀ-ի ուսանողներ և աշխատակիցներ: Առցանց ձևաչափով միջոցառմանը միացել էին նախագծի կոնսորցիումի անդամներ և այլ արտաքին շահակիցներ:
Միջոցառման սկզբին ողջույնի խոսքով հանդես եկավ ՎՊՀ ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր Լուսինե Կոստանդյանը: Նա սրտանց ողջունեց մասնակիցներին՝ մաղթելով արդյունավետ աշխատանք և կարևորելով անգլերենի՝ որպես դասավանդման լեզվի, գաղափարի խթանումն ու անգլալեզու դասընթացների մշակման անհրաժեշտությունը հայաստանյան բուհերում: Պրոռեկտորը նաև նշեց, որ նման նախաձեռնությունը թեև ողջունելի է, այնուամենայնիվ, մեծ ջանքեր ու մարտահրավերներ է պահանջում բուհերից՝ պայմանավորված թե՛ պրոֆեսորադասախոսական աշխատակազմի, թե՛ ուսանողների անգլերեն լեզվի մակարդակի բարձրացման առումով և այլ խնդիրներով:
Ողջույնի խոսքով հանդես եկան նաև նախագծի համակարգող Ջերարդ Քալընը և տեղական համակարգող Լուսիկ Վարդանյանը: Տիկին Վարդանյանը մանրամասն ներկայացրեց նախագծի նպատակներն ու ձեռքբերումները:
Գորիսի պետական համալսարանի ուսանողները մասնակիցներին տեղեկացրին ԳՊՀ-ում SMARTI նախագծի իրականացման ընթացքի վերաբերյալ և խոսեցին EMI (անգլերենը` որպես դասավանդման միջոց) կենտրոնի կարևորությունից: Նրանք նաև կազմակերպեցին փոխներգործուն խաղ-վիկտորինա:
Այնուհետև «Հյուրանոցային հյուրընկալություն» թեմայով հանդես եկավ ՎՊՀ դասախոս, նախագծի անդամ, էկոնիմիկայի, իրավագիտության և կառավարման ամբիոնի դասախոս, տ. գ. թ. Արմինե Գևորգյանը: Ելույթ ունեցան նաև ՎՊՀ ուսանողները, որոնք որպես ուսանող և կամավոր մասնակցել էին անգլերենի զարգացման դասընթացներին: Նրանք շեշտեցին, որ անգլերենի դասերի ընթացքում դասավանդողներին հաջողվել է զարգացնել ոչ միայն ուսանողների լեզվական կարողությունները, այլ նաև բազում այլ հմտություններ, ինչպես օրինակ` անգլերենով ինքնակենսագրական (CV) գրելու, ցուցադրություններ ներկայացնելու կարողությունները:
Նախագծի շրջանակներում իրականացրած երեք առցանց (COIL) միջոցառումների մասին իրենց տպավորություններից խոսեցին ՎՊՀ ուսանողները, որոնք, կարևորելով արտասահմանյան ուսանողների հետ անցկացվող համատեղ միջոցառումները, ներկայացրին իրենց բոլոր դրական ձեռքբերումներն ու նման միջոցառումներին մասնակցելու մեծ հետաքրքրվածությունը:
Շիրակի պետական համալսարանի ներկայացուցիչներն անցկացրին լիագումար քննարկում, որի նպատակն էր վեր հանել նախագծի հիմնական ձեռքբերումներն ու մարտահրավերները:
Միջոցառման երկրորդ օրը սկսվեց Վանաձորի պետական համալսարանի կողմից համակարգվող Էրազմուս+ DeSIRe նախագծի համառոտ ծանոթությամբ: DeSIRe նախագծի համակարգող Լուսիկ Վարդանյանը ներկայացրեց նախագծի կոնսորցիումը, նախանշեց դրա հիմնական նպատակներն ու խնդիրները և ամփոփեց մինչ այժմ ձեռք բերված հիմնական արդյունքները: Նա ընդգծեց, որ չնայած ՎՊՀ-ն ներգրավված է եղել բազմաթիվ Էրազմուս+ նախագծերում, սա առաջին անգամն է, որ համակարգում է որևէ նախագիծ:
Միջոցառման երկրորդ մասը նվիրված էր «քեյս» ուսումնասիրությունների մեթոդաբանությանը, որը վարեց Ջերարդ Քալընը: Միջոցառման մասնակիցները մեծ հետաքրքրվածությամբ ներգրավվեցին գործնական բոլոր առաջադրանքներին և խմբային խաղերին:
Վերապատրաստման ավարտին մասնակիցներն իրենց երախտագիտության խոսքերն արտահայտեցին պարոն Քալընին ներկայացրած նյութը գործնական դերախաղով փորձարկելու և արժեքավոր խորհուրդների համար:
