Խառնուսուցման դասընթաց
Վանաձորի պետական համալսարանի օտար լեզուների ամբիոնի ասիստենտ, բ. գ. թ. Արինե Դանիելյանը ս. թ. փետրվարի 18-22-ին ERASMUS+ PRINTeL «Փոփոխություն լսարանում. նորարարական դասավանդման և ուսումնառության օժանդակում՝ Արևելյան գործընկերության երկրներում ուսանողի ուսումնական փորձառության բարելավման նպատակով» նախագծի հենքով անցկացրել է խառնուսուցման դասընթաց։
Դասընթացի նպատակն էր համալսարանի կազմակերպած «Հիբրիդային կամ համատեղված ուսուցում և ուսումնառություն» թեմայով դասավանդողների վերապատրաստման հնգօրյա պարապմունքների հիման վրա ապահովել արդիական պահանջները բավարարող նոր գիտելիքներ ու հմտություններ՝ կիրառելու դրանք ուսումնական գործընթացում:
Պարապմունքների ընթացքում հաջորդաբար ներկայացվեցին խառնուսուցման մեթոդի առանձնահատկությունները: Խառնուսուցմանը վերաբերող տեղեկություններ ներկայացվել են նաև դասավանդողի պատրաստած սահապատկերով և տեսանյութով։
Յուրաքանչյուր դաս տեսական և գործնական բաղադրիչների համակցություն էր:
Դասավանդման ընթացքում ուսուննառության մասնակիցները ծանոթացան Trello («Ցանցաշար») կայքին, Moodle (Մոդուլային օբյեկտի վրա հիմնված դինամիկ ուսումնական միջավայր), Easygenerator («Դյուրասերիչ»), Moovly հարթակներին: Խառնուսուցման գործընթացը կազմակերպվեց հետևյալ մեթոդների ներառմամբ.
Ա) Ստորին հերթագայության խառնուսուցում
Բ) Փորձարարական հերթագայության համատեղված ուսուցում
Գ) Ճկուն (Flexible) խառնուսուցում
Դ) Շրջված դասարան (Flipped classroom) և շրջված (Inside-out) խառնուսուցում
Ե) Անհատական հերթագայության խառնուսուցում
Զ) Ինքնավար (Self-directed) կամ ինքնակարգավորվող խառնուսուցում
Է) Արտաքին համատեղված ուսուցում
Ը) Լրացուցիչ համատեղված ուսուցում
Թ) Դասավանդման վրա հիմնված միացյալ ուսուցում
Խառնուսուցման տեխնոլոգիաներին ծանոթացող ունկնդիրները վերջին դասն անցկացրին շնորհանդեսի պայմաններում` ներկայացնելով համատեղ ուժերով պատրաստած տեսանյութ, սահապատկեր, որոնց հատվածաբար ներկայացմամբ հաստատվեց դասընթացի ծրագրի նպատակային արդարացվածությունը:
Դասընթացն անցավ բացարձակ փոխըմբռնման, միմյանց օգնելու պատրաստակամության, ջերմ մթնոլորտում:
Խառնուսուցման դասընթացի մասնակիցներին կշնորհվեն վկայականներ:
